
Քրդական «փեշմերգա» ուժերի հրամանատարներից Ջաֆեր Շեյխ Մուսթաֆան քրդական Rudaw գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Քիրքուքի քրդական դիրքերի վրա հարձակումը նախաձեռնողը իրանական ուժերն էին:
«Այսօրվա հարձակման հրամանը իրանցիներն են տվել», - ասել է Մուսթաֆան՝ ընդունելով քրդական ուժերի պարտությունը Քիրքուքում ու բացատրելով, թե ինչու է «փեշմերգա»-ն նախընտրել նահանջել:
«Եթե «փեշմերգա»-ն մնար իր դիրքերում ՝ մեծ կորուստներ կտայինք: Ես այս պարտությունից պատասխանատու եմ այնքան, որքան որ նախկինում եղած հաղթանակներից: Եթե սխալ բան եմ արել՝ ասեք», - ասել է քուրդ հրամանատարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Օրեր առաջ Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը դեպի Քիրքուք ոչ պետական ուժեր և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներ տեղափոխելու համար: Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին: