Քիրկուկի քրդերի շուրջ 90-95 տոկոսը լքել է քաղաքը. ականատես

Շուրջ 100.000 քուրդ լքել է իրաքյան Քիրկուկը կառավարական բանակի՝ երկուշաբթի քաղաք մտնելու պատճառով, այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է դեպքերի ականատեսներից մեկը՝ Աբդալլա անունով քիրկուկցին: Գործակալության հետ զրույցում Աբդալլան նշել է, որ իրաքյան բանակի ուժերի գրոհի պատճառով քրդերի մոտ 90-95 տոկոսը լքել է Քիրկուկը, մինչդեռ քաղաքի արաբ և թուրքմեն բնակիչները մեծ խանդավառությամբ են դիմավորել Քիրկուկ մտնող կառավարական ուժերին և տոնական միջոցառումներ են անցկացրել քաղաքի փողոցներում: «Դա կարող էր լիներ գրեթե 100.000-ի հասնող թիվ», - ասել է ականատեսը: Այսպիսով՝ Քիրկուկից դուրս եկած քրդերին տեղափոխող բազմաթիվ մեքենաներ հիմնականում շարժվել են դեպի Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիյա քաղաքներ: Աբդալլայի խոսքով՝ քուրդ բնակչությունը շտապել է փախչել քաղաքից՝ զգուշանալով «Հաշդ աշ Շաաբի» շիական խմբավորման հետապնդումներից այն բանի համար, որ նրանք, լինելով վիճելի տարածքում, այնուամենայնիվ մասնակցել են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին: Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրկուկի օդանավակայանի և կարևոր նավթային հանքերի օբյեկտների նկատմամբ: Ավելի վաղ Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը Քիրկուկում ոչ պետական ուժերի և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների հետ համագործակցելու համար: Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
Մեկնաբանություններ