Վարչապետին կից Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է, երբ եղածները չեն գործում. Վահե Էնֆիաջյան

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան » խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց, թե որն է նպատակը՝ ստեղծել Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, այն էլ վարչապետին կից, այն պարագայում, երբ վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, սակայն դրանք չեն գործում: Պատգամավորը թվարկեց այդ խորհուրդների անունները, ապա ընթերցեց, թե որը քանի տարի առաջ է վերջին անգամ նիստ անցկացրել: «Այս տենդենցով ուզում եք մեզ լավատեսությո՞ւն հաղորդել։ Ընտանիքում տեղի ունեցող բռնությունների պատճառները սոցիալական են, իսկ եթե այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա: Վիգեն Քոչարյանը համաձայն չէր, ըստ նրա, տարբեր խորհուրդներ են գործում, դրանք կարևոր օղակ են գործադիր իշխանության ու հանրության երկխոսության համար: Պատգամավորն արձագանքեց, թե այսօր թիվ մեկ հիմնախնդիրը պետք է լինի ՀՀ ընտանիքում տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման ամրապնդումը, դրա նկատմամբ ուղղված քայլերը: Այնուհետև հիշեցրեց դաշինքի 15 կետերի մասին՝ հարցնելով, թե օրինակ հենց փոխնախարարը տեղյա՞կ է դրանցից: Վիգեն Քոչարյանը նշեց, թե պետք է հաշվի առնել, որ ինքը համապատասխան լիազորություններ չունի խմբակցության կողմից ներկայացված կետերին պատասխան տալու: «Բայց նշեմ՝ կառավարության հիմական նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների ընտանիքների նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, և կարծում եմ՝ կառավարության գործող ծրագիրը դրան է միտված»,-եզրափակեց Քոչարյանը:
Մեկնաբանություններ