Ստամբուլում տեղի է ունեցել Պետրոս Դուրյանի հիշատակին կառուցված հուշաքարի բացման արարողությունը

Ստամբուլում տեղի է ունեցել հայտնի գրող Պետրոս Դուրյանի հիշատակին կառուցված հուշաքարի բացման արարողությունը։ Արարողությունն անցկացրել են արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ու Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը, գրում է «Ակօսը»: Ստամբուլի Սկյուտար շրջանի Սուրբ Խաչ գերեզմանատանը գտնվող Դուրյանի գերեզմանի մոտ նոր գրքաձև հուշաքարի բացմանը ներկա են եղել նաև հուշաքարի պատրաստման աշխատանքները ղեկավարած Հակոբ և Հրաչ Քըրմըզյան եղբայրները, ինչպես նաև հուշաքարի զարդանախշերը պատրաստած Դավիթ Այնալըն: Հուշաքարի կառուցման և բացման նախաձեռնությունը պատկանում է Ստամբուլում գործող «Հայ ճարտարապետների միությանը» (HAYCAR): Նշենք, որ նույն միությունը նախաձեռնել էր Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետական ընտանիքներից հայազգի Բալյանների ընտանեկան գերեզմանի վերակառուցումը: «Մեր համայնքին պատկանող բազմաթիվ կառույցներ Ստամբուլում շարունակում են կանգուն մնալ մեր ստամբուլահայ բարերարների օգնությամբ: Մեր գերեզմանները մեր պատմության էջերն են: Ինչ էր ասում Պետրոս Դուրյանն իր բանաստեղծություններից մեկում. «Եթե մոռացվի գնա գերեզմանս և հիշատակս մարի՝ այդ ժամանակ ես կմահանամ»: Ահա հայտնվեցին Հակոբ և Հրաչ Քըրմըզյան եղբայրներն ու ասացին՝ «Մենք քեզ չենք մոռանա»: Ապրեն իրենք», - լրագրողների հետ զրույցում նշել է Արամ Աթեշյանը: Նշենք, որ Դուրյանը ծնվել է 1851թ.-ին՝ Ստամբուլի հայաշատ Սկյուտար թաղամասում: 1872թ.-ին 21-ամյա բանաստեղծը մահացել է թոքախտից: Դուրյանը գրել է բանաստեղծություններ, դրամաներ, եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի խմբագրի օգնականը, ինչպես նաև կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրվել են Պետրոս Դուրյանի տաղերը։ Նրա գրական ժառանգության զգալի մասը՝ երգիծական ոտանավորները, ոբերգությունները, ինչպիսիք էին «Տիգրան Բ»-ն, «Կործանումն Հռովմա»-ն, «Շահատակությունք Հայոց»-ը, ցավոք, չեն պահպանվել։
Մեկնաբանություններ