Սիրիական Ռաքքան ազատագրվել է ԻՊ-ից. «Սիրիայի դեմոկրատական ուժեր»

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող արաբա-քրդական ջոկատները հայտարարել են սիրիական Ռաքքա քաղաքում «Իսլամական պետությանը» հաղթելու և քաղաքն իրենց հսկողության տակ առնելու մասին՝ չորս ամիս տևած մարտերից հետո: Այդ մասին հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումից (SDF) Ռաքքայի գրոհը ղեկավարող հրամանատար Ռոջդա Ֆելաթը, հայտնում է Reuters գործակալությունը: Քաղաքի փողոցներում բարձրացվել են SDF-ի, քրդական YPG-ի և դրա կանանց թևի՝ YPJ-ի դրոշները: Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թալյալ Սելուն հավելել է, որ այժմ նրանք իրականացնում են տարածքի մաքրման և ականազերծման գործողություն: «Ռազմական գործողությունները Ռաքքայում ավարտվել են, այժմ իրականացվում են մաքրման աշխատանքներ, իրականացվում են ահաբեկիչների հնարավոր թաքնված խմբերի որոնումներ, ինչպես նաև ականազերծում»,- ասել է SDF-ի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ «շուտով պաշտոնապես կհայտարարվի այդ քաղաքի ազատագրման մասին»: Սելուի խոսքով՝ քաղաքում գտնվող ահաբեկիչները, որոնք չեն արձագանքել Ռաքքայի քաղաքացիական խորհրդի նախաձեռնությանը, ոչնչացվել են կամ ձերբակալվել: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ որոշ ահաբեկիչներ հնարավոր է թաքնվում են քաղաքում: Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2013 թվականից ի վեր, քաղաքը համարվում էր ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան հայտարարել էր քաղաքի ազատագրման գործողություն սկսելու մասին:
Մեկնաբանություններ