Սաակաշվիլին կոչ է արել Կիևում հանրահավաքի մասնակիցներին պահանջել Պորոշենկոյի հրաժարականը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայի շենքի մոտ անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ եթե Ուկրաինայի իշխանությունները մինչև օրվա վերջ չբավարարեն ցուցարարների պահանջները, ակցիայի կազմակերպիչները գործողությունների նոր ծրագիր կմշակեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա հայտարարել է, որ քանի դեռ Պյոտր Պորոշենկոն զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը, երկրում ոչինչ չի փոխվի: Ավելի վաղ մի քանի հազար մարդ բողոքի ակցիա է սկսել Ռադայի մոտակայքում՝ պահանջելով չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսդրությունը, ինչպես նաև ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Նա կոչ է արել ցուցարարներին իրենց պահանջները չկատարելու դեպքում տեղափոխվել Գերագույն ռադայի շենքից նախագահական շենքի մոտ և պահանջել նախագահի հրաժարականը: «Եթե այսօր Պորոշենկոն վերջին անգամ չլսի ձեզ և փորձի ժամանակ շահել, ինչպես նա անում է երեք տարի, մենք բոլորս պետք է տեղափոխվենք այս հրապարակից այլ տեղ: Ես կոչ եմ անում Կիևի բոլոր բնակիչներին աշխատանքից հետո միանալ մեզ և պահանջել միայն մի բան, որպեսզի Պորոշենկոն մտածի իր պաշտոնից հեռանալու և Ուկրաինայի ժողովրդին ազատելու մասին»,- հավելել է քաղաքական գործիչը:
Մեկնաբանություններ