Ռուսաստանում ԻՊ-ի անդամները հարձակում էին նախապատրաստել Կիրկորովի համերգի ժամանակ. լրատվամիջոցներ

Ռուսաստանում հոկտեմբերի 14-ին ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները երեք պայթուցիկ սարքի կիրառմամբ հարձակում էին նախապատրաստել Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել Մախաչկալայում հուլիսի 6-ին։ Այդ մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ աղբյուրների, որոնք ծանոթ են գործի հետաքննության ընթացքին: Ահաբեկչության փորձը չի հաջողվել իրականացնել, դրա պատճառները լրատվամիջոցի զրուցակիցները չեն նշել: Տեղեկությունների համաձայն՝ չստացված ահաբեկչության օրը խմբի 30-ամյա ղեկավար Գաբիբուլա Խալդուզովն առաջարկել է երկու մյուս գրոհայիններին գնալ քաղաքային զբոսայգի և այնտեղ հարձակում գործել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա և խլել նրանցից զենքը, ինչից հետո հեռանալ դեպքի վայրից: Զրուցակիցները հայտնել են, որ խմբի անդամներից ամեն մեկն իր հետ պայուսակ է վերցրել, որի մեջ երեք դանակ և կացին է եղել: Այնուամենայնիվ, նրանք կրկին չեն կարողացել իրականացնել հարձակումը՝ շրջակայքում մեծ քանակությամբ մարդկանց պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ իրենք՝ իրավապահները, երկար ժամանակ զրուցելիս են եղել երկու կանանց հետ: Ահաբեկիչները ձերբակալվել են Մոսկվայում և Մախաչկալայում շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին: Իրավապահ մարմինների աշխատակիցներն ընդհանուր առմամբ ձերբակալել են չորս մարդու, նրանք բոլորը եղել են Դաղստանից: Նրանք աշխատել են Մախաչկալայում գտնվող շինհրապարակներում, իսկ 2017 թվականի հուլիսին համացանցի միջոցով հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում և Մախաչկալայում իրավապահներին հաջողվել է կանխել ԻՊ-ի «քնած» օղակներից մեկի գործունեությունը: Հաղորդվել է նաև, որ Մոսկվայում և Մախաչկալայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնի ժամանակ:
Մեկնաբանություններ