Նույնիսկ Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» հատուկ կարգավորում կա, ինչ ընտանեկան բռնության մասին օրենքում է. Վիգեն Քոչարյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ խնդրեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին ներկայացնել միջազգային փորձը: Պատգամավորը նշեց, որ այս օրենքի ընդդիմադիրները հղում են անում, որ որևէ երկրում, որտեղ կարևոր են ընտանեկան արժեքները, ընտանիքի ինստիտուտը, նման օրենք չկա: «Իրականում որևէ արտառոց, որևէ սենսացիոն օրենսդրական կարգավորումներ այստեղ առաջարկված չեն, համապատասխան օրենսդրություն ունի աշխարհի 120 պետություն, այդ թվում այնպիսի պետություններ, որտեղ ընտանիքն արժեք է իսկապես»,-ասաց փոխնախարարը և հավելեց, թե հարևան Վրաստանում գործում է նմանատիպ օրենսդրական լուծումներ ունեցող օրենք: «Այն կատաստրոֆիկ հետևանքները, որոնց մասին խոսում ենք, այնտեղ արձանագրված չեն, նույնը կարող ենք ասել Մոլդովայի, Ղազախստանի, Ուկրաինայի մասին: Որևէ վտանգ սա չի պարունակում»,-ասաց նա: Փոխնախարար Քոչարյանը հղում կատարեց հայ դասականներին, ովքեր ևս իրենց գործերում խոսել են ընտանեկան բռնություններից: «Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» հատուկ դրույթ կա, որը նախատեսում է նույն կարգավորումը, ինչ այս օրենքում է, այն է, որ եթե ամուսինը ծեծում է կնոջը, նա իրավունք ունի դիմել դատարան: Այս օրենքը քննադատվում է նաև արևմտյան գործընկերների, այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների կողմից, նրանք էլ են անում առաջարկներ, որոնք մեր կողմից չեն ընդունվել, օրինակ՝ մենք դեմ ենք, որ ընտանեկան բռնությունը քրեականացվի»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.