ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում ՀՀ պատվիրակությանը հաջողվեց ադրբեջանական քարոզչությանը հակահարված տալ. Կորյուն Նահապետյան

Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությունը կրկին փորձել է հակահայկական հայտարարություններ հնչեցնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը։ Վերջինս նշեց, որ հայաստանյան պատվիրակության աշխատանքները գնահատում է արդյունավետ, որովհետև հաջողել են ադրբեջանական քարոզչությանը հակահարված տալու առումով։ Պատգամավորը նշեց, որ Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել իր տարածքային ամբողջականության խնդիրը, բայց վեհաժողովը մերժել է այն։ «Զեկույցը անդրադառնում էր միայն Սևծովյան տարածաշրջան մուտք ու ելք ունեցող երկրներին, իսկ ադրբեջանական պատվիրակությունը փորձ արեց ընդլայնել շրջանակը և այնտեղ ընդգրկել Սևծովյան տարածաշրջանն ամբողջապես, որը ենթադրում էր նաև Ադրբեջանը։ Նրանց առաջարկն էր ընդլայնել սևծովյան շրջանակը և այնտեղ ներառել բոլոր հակամարտությունները, իսկ դրանց կարգավորման հիմքում դնել բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մոտեցումը մերժվեց, որովհետև զեկուցը միայն նեղ շրջանակով են ընկալում»,- շեշտեց Կորյուն Նահապետյանը։ Նա ընդգծեց, որ հայկական կողմին անհանգստացնող որևէ ձևակերպում վերջնական փաստաթղթում չի ընդգրկվել։ Կորյուն Նահապետյանը խոսեց նաև սպառազինության մասին` նշելով, որ իրենք բարձրացրել են այն հարցը, որ Ադրբեջանն անընդհատ զինվում է։ «Եվրոպացիների արձագանքն այս հարցին շատ հետաքրքիր է։ Ադրբեջանական կողմը որևէ հարցի քննարկման չի մասնակցում։ Իսկ հայկական պատվիրակությունը բոլոր հարցերում է ընդգրկված։ Նրանք բերում են միայն կեղծ օրակարգեր, իսկ վեհաժողովում այս առումով ասում են, որ մենք չենք եկել այստեղ ադրբեջանական կեղծ հայտարարությունները լսելու, խոսքը վերաբերում է բոլոր մասնակիցներին, որ ունենք հստակ օրակարգ։ Մենք կոչով դիմել ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, որ դատապարտեն Ադրբեջանի պատվիրակության նման վարքագիծը,- ասաց նա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.