Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ. Դավիթ Հարությունյան

Յուրաքանչյուր լրատվամիջոցի պնդմանն արձագանքելն անիմաստ եմ համարում.  այսօր լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն` անդրադառնալով էներգետիկայի ոլորտին, և ռուսական լրատվամիջոցներից մեկի պնդմանը, թե եվրոպացիներն ատոմակայանը փակելու են։ Նախարարը նշեց, որ երկրում հնարավոր զարգացման 2 սցենար կա: «Էներգետիկայի ոլորտում ունենք երկու մոտեցում, առաջինը` փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը` նվազեցնել հոսանքի գինը»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ գործոններ են հաշվի առնվում և անգամ ատոմակայանների պարագայում երկու իրարից տարբերվող մոտեցումներ կան: «Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ատոմակայան ունենալու քաղաքական որոշումը չի՞ փոխվել, նախարարն ասաց, որ մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ: Նա նշեց, որ կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման: Նա նշեց, որ կիրառվում է մաթեմատիկական մոդել և կանխատեսումների հիման վրա գնահատում են, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ սպառողների համար: «Անընդհատ վերանայելու ենք` կախված տեխնոլոգիական զարգացումներից: Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը հիսուն մեգավատանոց բլոգերով աշխատեցնել, և դա փոխում է դա գնահատումը: Այսինքն` մենք դրա արդյունքում կարող ենք գնալ լրիվ այլ ճանապարհով, որ ստեղծենք շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան: Հնարավոր է, որ ինչ-որ նոր տեխնոլոգիա առաջանա, հնարավոր է, որ վերանայենք մեր մոտեցումները»,-ասաց նա և հավելեց, որ յուրաքանչյուր անգամ գնահատելու են, թե որ մոդելն է առավելագույնս արդյունավետ լինելու: Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ նման խոշոր ծրագրերում խոսքը տնտեսական արդյունավետության մասին է, որովհետև սպառողն է իր գրպանից վճարում այդ գինը: «Որևէ ոչ թափանցիկ գործիք, որը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, անընդունելի է»,– նշեց նա: Նախարարը համաձայնեց, որ ատոմակայանը տալիս է ամենաէժան էլեկտրաէներգիան, եթե կա արդեն կառուցված ատոմակայան, սակայն երբ հաշվարկվում են ներդրումները, այլ պատկեր է ստացվում։ Այն ամենևին այնքան էժան չի լինելու, որքան այսօրվա ատոմակայանի արտադրանքը: Ինչ վերաբերում է նրան, որ ատոմակայան ունենալը տալիս է անկախություն` նախարարն ասաց. «Մենք չունենք հումքի արտադրություն, և որոշակի կախվածության մեջ ենք հումք արտադրողներից, դրա համար փորձում ենք բոլոր տարրերը հաշվի առնել»:
Մեկնաբանություններ