Մակրոնը «Պատվո լեգեոն» շքանշանից կզրկի սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են «Պատվո լեգեոն» շքանշանից զրկել բազմաթիվ կանանց բռնաբարելու ու նրանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ իրագործելու համար մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես համապատասխան քայլեր եմ ձեռնարկել մի շարք կանանց նկատմամբ սեռական բռնության, ոտնձգությունների ու բռնաբարության համար մեղադրվող Վայնշտեյնից շքանշանը հետ վերցնելու ուղղությամբ»,-մեջբերում է Al Arabiya-ն 39-ամյա Մակրոնի խոսքը: Հայտնի է, որ պրոդյուսերը Ֆրանսիայի բարձրագույն մրցանակին էր արժանացել 2012թ.՝ Միացյալ Նահանգներում արտասահմանյան ֆիլմերի առաջխաղացմամբ զբաղվելու համար: Նշվում է, որ Վայնշտեյնին հրապարակավ մեղադրած կանանց մեջ կա 4 ֆրանսիացի դերասանուհի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը: Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից: Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան: Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։
Մեկնաբանություններ