Ղազախստանում հայտարարել են, որ Ղրղզստանի հետ սահմանին հսկողության խստացումը չի խախտում ԵԱՏՄ նորմերը

Ղազախստանը, որն ավելի վաղ խստացված հսկողություն է սահմանել Ղրղզստանի հետ սահմանին, չի խախտում ԵԱՏՄ նորմերը: Այդ մասին հայտարարել է երկրի ազգային տնտեսության նախարարության ղեկավար Թիմուր Սուլեյմենովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ղրղզստանի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ Ղազախստանը երկրի հետ սահմանին անվտանգության խստացված միջոցներ է սահմանել, ինչի պատճառով մեծ խցանումներ են առաջացել,  կուտակվել են ավտոմեքենաներ և բեռնատար մեքենաներ: Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունն իր հերթին հայտնել է, որ պետական սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Ղազախստան-Ղրղզստան հատվածում, իրականացվում է պլանային սահմանային գործողություն: Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ նշելով, որ Ղազախստանը խախտում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները: «Մենք գործում ենք մեր օրենսդրության և ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների շրջանակներում»,- հայտարարել է Սուլեյմենովը կառավարության նիստի արդյունքներով: Նա նշել է, որ ցանկացած երկիր իր տնտեսական և այլ շահերի պաշտպանության անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել նման միջոցներ, և հավելել է, որ իրավիճակը քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա: Կիրակի Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ պատրաստ է պահանջել ԵԱՏՄ վեհաժողով հրավիրել, եթե Ղազախստանը 2-3 օրվա ընթացքում չվերացնի սահմանին սահմանափակումները: Ղրղզստանի սահմանային գերատեսչության տեղեկություններով՝ երկուշաբթի բոլոր անցակետերում գրանցվել է մեքենաների մեծ կուտակում: Ավելի վաղ՝ ուրբաթ, Աթամբաևը հայտարարել է, որ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին տիրող իրավիճակը հակասում է ԵԱՏՄ շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ: Մարդիկ հսկիչ-անցագրային կետերում ստիպված են եղել սպասել 7-10 ժամ: Ղրղզստանում կիրակի կայացել են նախագահական ընտրություններ: Նախագահական աթոռի համար պայքարն ընթացել է հիմնականում երկու թեկնածուի՝ իշխանության աջակցությունն ունեցող նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի և ևս մի նախկին վարչապետի՝ Օմուրբեկ Բաբանովի միջև: Վերջինիս հանդիպումը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ գնահատվել է Բիշքեկի կողմից որպես Ղրղզստանի ներքին գործերին Աստանայի միջամտություն: Ղազախստանի ԱԳՆ-ն խստորեն հերքել է մեղադրանքը: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ ընտրություններում հաղթանակ է տարել իշխող կուսակցությունից թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը:
Մեկնաբանություններ