Լեզվաբանի ամուսնու սպանության գործով նիստը հետաձգվեց. տուժող մոր ինքնազգացողությունը դատարանի ճանապարհին վատացել էր

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստին պետք է շարունակվեր տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը, սակայն վերջինս չէր ներկայացել։  Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ քիչ առաջ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը հայտնել է, որ իր ամուսնու մայրը՝ Էմմա Աբրահամյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։ «Քիչ առաջ Մեյթիխանյանը հայտնեց, որ դատարան գալու ճանապարհին Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ տուժողը չի կարող ներկայանալ դատական նիստին։ Այդ պատճառով նիստին չի ներկայացել տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը։ Ուստի, խնդրում եմ այսօրվա նիստը հետաձգել»։ Դատարանը հետաձգեց դատական նիստը։ Հիշեցնենք,որ հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր: Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:

Բեթղեհեմ Արաբյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.