
Համաշխարհային ճանաչում ունեցող դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը հերքել է իսլանդացի երգչուհի Բյորկի՝ «Մթության մեջ պարողը» ֆիլմի նկարահանման ժամանակ իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքը:
Ինչպես նշում է
The Guardian-ը, Թրիերն ասել է, որ նման բան չկա: Նա հավելել է, որ ինքն ու Բյորկն ընկերներ չեն:
Պարբերականը հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ խոստովանելով, որ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սեռական սկանդալի ֆոնին ինքը քաջություն է հավաքել իր դեմ կատարված սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելու համար:
Բյորկը նշել է, որ նոր է հասկացել, որ աշխարհում ընդունված բան է, որ ռեժիսորը կարող է ձեռք տալ ու տհաճ գործողություններ կատարել դերասանուհիների նկատմամբ, քանի որ կինոոլորտում դա թույլատրելի է:
Հիսունմեկամյա երգչուհին ուղղակիորեն չի նշել Լարս ֆոն Թրիերի անունը, սակայն ասել է, որ խոսքը դանիացի ռեժիսորի մասին է: Մինչդեռ հայտնի է, որ միակ դանիացի ռեժիսորը, որի հետ Բյորկը համագործակցել է, Թրիերն է: