Իրաքի Քիրկուկ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել

Իրաքի Քիրկուկ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել, այս մասին հայտնում է The Baghdad Post-ը: Քիրկուկցիները ստիպված կլինեն փողոց դուրս չգալ գիշերային ժամերին, մասնավորապես՝ երեկոյան ժամը 22.00-ից մինչև առավոտ: Պարետային ժամի մասին հայտարարությունը կատարել է անձամբ Քիրկուկի ոստիկանապետ Աֆրասիաո Քամել Ուեսը: Հայտնի է նաև, որ իրաքյան բանակի գրոհից հետո քրդական «փեշմերգա» ուժերը հետ են քաշվել այդտեղից: Բրիտանական Reuters գործակալության տարածած լուսանկարներում երևում է, որ իրաքյան ուժերը, քաղաք մտնելով, հանել են քրդական դրոշն ու փոխարենը կախել Իրաքի դրոշը: Ավելի վաղ ականատեսները հայտնել են, որ շուրջ 100.000 քուրդ լքել է իրաքյան Քիրկուկը կառավարական բանակի՝ երկուշաբթի քաղաք մտնելու պատճառով: Քիրկուկից դուրս եկած քրդերին տեղափոխող բազմաթիվ մեքենաներ հիմնականում շարժվել են դեպի Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիյա քաղաքներ: Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրկուկի օդանավակայանի և կարևոր նավթային հանքերի օբյեկտների նկատմամբ: Նշենք, որ Քիրկուկը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին: Օրեր առաջ Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը դեպի Քիրկուկ ոչ պետական ուժեր և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներ տեղափոխելու համար: Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին:
Մեկնաբանություններ