
Թուրքիայում դեռևս անցյալ տարվա ամառվանից ուժի մեջ մտած արտակարգ դրությունն արդեն 5-րդ անգամ երկարացվել է ևս 3 ամսով, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը պարբերաբար դեմ են արտահայտվել ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, որը բազմիցս շեշտել է, որ դա վնաս է հասցնում երկրի տնտեսությանը: Արտակարգ դրությունը վերացնելու թեմայով Թուրքիային պարբերաբար կոչեր են հղել նաև եվրոպական մի շարք կառույցներ և ՄԱԿ-ը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: