
Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է երիտասարդների ու պատանիների սամբոյի աշխարհի առաջնությունը:
Հայ սամբիստները մեկ ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալ են նվաճել, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
90 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձել է Գրիգոր Սահակյանը:
Ֆելիքս Դանիելյանը (48 կգ), Արթուր Մանուկյանը (56 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:
Պատանիներից Արմեն Նիկողոսյանն (56 կգ) ու Բորիս Շատվերյանն (75 կգ) արժանացել են արծաթե մեդալի, իսկ Նարեկ Համբարձումյանը (87 կգ)՝ բրոնզե:
Աղջիկներից պատվո հարթակին կանգնել է միայն Աննա Մկրտչյանը (+80 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի խոսքով՝ իր սպասելիքներն արդարացել են 70-80 տոկոսով.
«Ավելի մեծ սպասելիքներ ունեի, գոնե երկու ոսկե մեդալ պետք է նվաճեինք: Շատ գոհ եմ Գրիգոր Սահակյանից: Նա ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը: Սահակյանը համոզիչ հաղթանակներ տարավ շատ ուժեղ մարզիկների նկատմամբ: Նա պայքարից դուրս թողեց նաև նախորդ տարվա չեմպիոնին:
Բորիս Շատվերյանը նույնպես շատ ուժեղ տղաների հաղթեց: Եզրափակչում նա մրցեց Հունաստանը ներկայացնող ազգությամբ հայ մարզիկի հետ: Չհասկացանք, թե ինչ կատարվեց և ինչու զիջեց»,- ասել է Լևոն Հայրապետյանը:
Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ աշխարհի առաջնությանն այժմ պատրաստվում է ազգային հավաքականը: Մեծահասակների տարվա գլխավոր ստուգատեսը կկայանա նոյեմբերի 9-13-ը Սոչիում: