ԵԽ-ն և ԵՄ-ն ներկայացրին ՀՀ-ում իրականացված $4.2 մլն-ի ծրագրերի արդյունքները

Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով՝ ԵԽ-ն և ԵՄ-ն ֆինանսական աջակցություն են տրամադրում Հայաստանում դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու համար, բանտային համակարգի կայացման, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաև՝ փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի համար, նաև աջակցել են խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Նա լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու նպատակ ունեն: Նրա խոսքով՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքվելիք շրջանակային համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա ԵԽ-ի կողմից ծրագրերի իրականացման վրա: «Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը կտա նոր հնարավորություն շարունակելու համագործակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև, որպեսզի Եվրամիությունը ևս ներգրավված լինի Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացմանը: Մեր բարեփոխումները նպատակ ունեն աջակցելու Հայաստանին իրականացնելու Եվրամիության և այլ կազմակերպությունների առջև ունեցած իր պարտավորությունները»,- ասաց նա: Նշենք, որ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունն այսօր ներկայացրեցին Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները: 2015-2017 թվականներին «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը իր հերթին նշեց, որ Եվրամիությունը մշտապես օժանդակել է հայ բանտարկյալների վիճակի բարելավման ծրագրերին, ինչպես նաև՝ նոր բանտերի կառուցմանը: «Բացի այդ, ԵՄ-ն լուրջ պայքար է իրականացրել և իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց նա: ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանն էլ շեշտեց, որ հայաստանյան գերատեսչությունները մեծապես գնահատում են ԵՄ ծրագրերը: Դրանց արդյունքները տեսանելի են, շոշափելի և նպաստում են միջազգային լավագույն փորձի կիրառմանը: Նա նաև հույս հայտնեց, որ արդյունավետ գործակցությունը կշարունակվի նաև ապագայում: Քննարկմանը ներկա ԵԽ ծրագրային համակարգման բաժնի ղեկավար Տանյա վան Դիկը տեղեկացրեց, որ ԵՄ-ն և ԵԽ-ն ՀՀ իշխանությունների հետ համատեղ իրականացրած ծրագրերի շրջանակում այս տարի մի քանի բանտերի բժշկական սարքեր են տրամադրվել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել բանտարկյալներին որակյալ բուժօգնություն ցուցաբերել հենց ազատազրկման վայրում: Բացի այդ վերապատրաստվել են բանտերի հարյուրավոր աշխատակիցներ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.