Գլխացավը չեն բուժում գլուխը հատելով. Դ. Հարությունյանը` ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ վճիռների համար դատավորներին պատասխանատվության ենթարկելու մասին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե էլեկտրոնային համակարգն արդյոք որևէ բան փոխելո՞ւ է ՄԻԵԴ-ի` Հայաստանի դեմ կայացվող այս քանակի վճիռների առումով. «Պետք է փոխվենք բոլորս միասին»,– նշեց նախարարը։ Դիտարկմանը` ինչո՞ւ բոլորը պետք է վճարեն դատավորի սխալի համար, նա պատասխանեց.  «Գլխացավը չեն բուժում գլուխը հատելով: Բացի դրանից` բավական է երկիրը գնա այն ճանապարհով, որ դատավորին նյութական պատասխանատվության ենթարկի ՄԻԵԴ–ում այս կամ այն գործը պարտվելու համար, մենք կունենանք ՀՀ դեմ հերթական գործը մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ այս անգամ արդեն երաշխավորված պարտությամբ»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը լուծումն այլ կերպ է տեսնում. «Շատ աշխատանք պետք է կատարվի. ամենակարևոր հարցերից մեկը, որին ուղղված են եղել հենց Սահմանադրական բարեփոխումները, դատավորների`ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին անկախությունն է»։ Նախարարը նշեց, որ նոր դատական օրենսգրքի բուն նպատակն է ստեղծել պատշաճ մեխանիզմներ, որոնցով կերաշխավորվի դատավորի ներքին անկախությունը: «Դատական համակարգը կարող է սխալներ անել, բայց եվրոպական շատ հայտնի կայացած արդարադատական  համակարգով երկրները ևս ունենում են ՄԻԵԴ-ում պարտություն»,– նշեց նա:
Մեկնաբանություններ