Գաղտնիք փնտրել պետք չէ. Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի փաստաթղթի հրապարակման մասին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՄ-Հայաստան համաձայնագրի փաստաթղթի հրապարկմանը նշեց, որ որևէ գաղտնիության բացահայտում չի տեսնում, այն եղել է համաձայնեցված: «Ես այստեղ որևէ ստորջրյա երևույթ, ցանկություններ, գայթակղություններ, մեսիջներ չեմ տեսնում: Կողմերը քննարկումների փուլում էին գտնվում, և երբ  վերջնական համաձայնության եկան, թե ինչ տեսք այն պետք է ունենա, հրապարակվեց։ Այստեղ  գաղտնիք փնտրել պետք չէ»,-ասաց նա և նշեց, որ երբ ոչ բոլոր հարցերն են համաձայնեցված, այդ ժամանակ է ամեն ինչ արվում գաղտնի: Նա նշեց, որ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում: Դավիթ Հարությունյանը վստահեցրեց նաև, որ իշխանությունն ունի քաղաքական կամք` իրականացնելու համաձայնագրում նշված բարեփոխումները: Ինչ վերաբերում է ատոմակայանի գործունեությանը և հարցին` արդյոք հաշվի առնվո՞ւմ է, որ մի հարվածով Ադրբեջանը կարող է Նախիջևանից վերացնել այդ ատոմակայանը և Հայաստանը վերացնել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ պետությունները կարող են լինել ավանտյուրիստ, բայց այս աստիճան ավանտյուրիստ դժվար է պատկերացնել, քանի որ դա կնշանակի առաջին՝ որոշակի առումով գործել ինքնասպանություն, երկրորդ` դա կոչվում է  միջազգային տեռորիզմ, բայց արդեն պետական մակարդակով։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր աշխարհում գոյություն ունի որևէ երկիր, որը իրեն թույլ տա նման բան մտածել»,-ասաց նա:

Լիանա Առաքելյան

Մեկնաբանություններ