Բարզանին կոչ է արել քուրդ ժողովրդին խուսափել քաղաքացիական պատերազմի տանող քայլերից

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին կոչ է արել քուրդ ժողովրդին խուսափել ներքին բախումներից և քաղաքացիական պատերազմի տանող քայլերից, այս մասին նա հայտարարել է քրդական Rudaw հեռուստաընկերության եթերում: Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ բացի Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածք համարվող Քիրքուք քաղաքից՝ իրաքյան բանակն իր հսկողության տակ է առել նաև քրդաբնակ Հանեքին շրջանը: Բացի այդ՝ իրաքյան բանակի օգնությամբ տեղի եզդիական ջոկատները քրդական ուժերից հետ են վերցրել եզդիաբնակ Շենգալ (Սինջար) շրջանը: Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ: Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին: Օրեր առաջ Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը դեպի Քիրքուք ոչ պետական ուժեր և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներ տեղափոխելու համար: Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.