Արփինե Հովհաննիսյանը ՀՀ–ում Կանադայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է 2018–ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ողջունելով դեսպանին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցության լավագույն ավանդույթներ: ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը: Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Պարոն Քյուրի խոսքով՝ տարին յուրահատուկ է նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը: Կարևորվել է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Մեկնաբանություններ