Անցած 9 ամիսներին Երևանում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով. Ոստիկանություն

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփել է անցած ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Խորհրդակցությունը վարել է վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ներկայացվել է անցած ինը ամիսներին մայրաքաղաքում հանցավորության շարժընթացի և հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը։ Այսպես, անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործության 7069 դեպք. բացահայտվել է 5899-ը։ 269-ով նվազել են ծանր հանցագործության դեպքերը։ Ձեռնարկված ծավալուն միջոցառումների արդյունքում՝ բացահայտման ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 13,2 տոկոսով ավելի։ Մասնավորապես աճել է ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ 17,9 տոկոս։ Անդրադառնալով հնչեղություն ունեցող հանցատեսակներին՝ նշվել է, որ անցած ինը ամիսներին մայրաքաղաքում արձանագրված սպանության ինը դեպքից ութը բացահայտվել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։ Անցած ինը ամիսների ընթացքում Երևան քաղաքում հայտնաբերվել է 87 հանցավոր խումբ՝ 195 անձով, որոնք կատարել են 301 հանցագործություն։ Նշվել է նաև, որ դրական ցուցանիշներն ու ձեռքբերումները պայմանավորված են ինչպես ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ դատախազության, քննչական կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ։ Վեր են հանվել նաև բացթողումներն ու հիմնախնդիրները և դրանց վերացման աշխատանքների արդյունավետությանն ուղղված կոնկրետ առաջարկներ են արվել։ Ամփոփելով նիստը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.