
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»
օրենքի նախնական նախագծի քննարկման թեմայով:
Մինչ քննարկումները սկսելը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց տարբեր տեսակետներ ունեցող կողմերին կոռեկտ լինել և հարցը չտեղափոխել վիրավորանքների դաշտ, ինչպես նախորդ հանրային քննարկման դեպքում էր:
Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նկատեց, թե, ըստ էության, նախագծի քննարկումը հաջողվել է այն իմաստով, որ ստացել են 100-ից ավելի կոնկրետ առաջարկություններ, որոնց վրա աշխատում են, և որոշակի փոփոխություններ նախագծում, ըստ այդմ, կլինեն։
Փոխնախարարը նշեց, թե օրենքին դեմ անձինք ոչ հստակ ընկալում ունեն և վերացական հարցադրումներ են անում: «Շատ է խոսվում հանրային պահանջի մասին, շատերը գնահատական են տալիս, թե նման պահանջ գոյություն չունի և դա տարօրինակ է լսել այնպիսի մարդկանցից, որոնք համապատասխան ոլորտում որևէ գործունեության փորձ չունեն և աշխատանքներ այս խնդրահարույց ոլորտում չունեն»,-ասաց նա:
Քոչարյանը նշեց, թե հնչում են կարծիքներ, որ մեր օրենսդրությունն արդեն իսկ ունի կարգավորումներ այս խնդիրը լուծելու համար՝ ի դեմս Քրեական, Ընտանեկան օրենսդրության: «Բայց պետք է հաշվի առնել, որ առաջարկվող կարգավորումները չեն կարող պարունակվել ոչ Քրեական, ոչ էլ Ընտանեկան օրենսդրության մեջ։ Հետևաբար, օրենքը անհրաժեշտ է՝ ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության համար: Ասում են` քրեական օրենսդրություն կա, եթե ընտանեկան բռնություն կա՝ պատժեք, բայց մոռանում ենք, որ այս օրենքը քրեական օրենսդրության հետ առնչություն չունի, այլ ուղղված է հենց կանխարգելմանը»,-ասաց նա և նշեց, թե նախատեսում են կանխարգելել՝ ոչ միան ընտանեկան բռնության զոհին, այլ նաև բռնություն կատարածին ցուցաբերել սոցիալական, իրավական, բժշկական օգնություն:
Փոխնախարարը կոնկրետ օրինակ բերեց ապաստարանների տրամադրման վերաբերյալ: «Պատկերացրե՛ք, չենք ունենում նման կացարան և արդյունքում այն վիճակն է, ինչ այսօր կա, երբ պետական իրավապահ մարմիները ստիպված են դիմել ինչ-ինչ ՀԿ-ների, որպեսզի օգնեն բռնությունից տուժած անձանց՝ մայրը, երեխան ապաստան կարողանան գտնել: Մենք չենք կարող դա նորմալ գնահատել և, հետևաբար, պետությունը պետք համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Հենց դրան է նվիրված քննարկվող օրինագիծը»,-ասաց նա:
Վիգեն Քոչարյանը խոսեց նաև վիճակագրության մասին, որն, ըստ նրա, որոշ մարդկանց գնահատականով աննշան է և ոչ մտահոգիչ:
«Մեր ունեցած տվյալներով` երկրում օրական շուրջ 2 անգամ ընտանեկան բռնության հարցով դիմում են ոստիկանություն, սպանությունների մոտ 17%-ն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ: Չափազանց մտահոգիչ է, որ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47%-ը տեղի է ունենում ընտանիքում»,-ասաց նա և հայտարարեց, թե ընտանիքը, լինելով հասարակության հիմնական բջիջը, պետք է լինի պետության հատուկ ուշադրության ներքո: «Իսկ այս նախաձեռնությունը նման հոգածության նշան է և ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը»,-եզրափակեց նա:
Նելլի Լազարյան