ԱՄՆ-ն վիզա ստանալու հայտեր կընդունի միայն առողջական ու հումանիտար խնդիրներով իրենց դիմած Թուրքիայի քաղաքացիներից

ԱՄՆ-ն որոշակի զիջումների է գնում Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում և կընդունի առողջական խնդիրների կամ հումանիտար օգնության նպատակով ԱՄՆ վիզա ստանալու դիմում ներկայացրած Թուրքիայի քաղաքացիների հայտերը։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: Վիզաների տրամադրման մասին հայտարարության մեջ ԱՄՆ դեսպանատունը նաև հատուկ հղում է տեղադրել, որով քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիմումները: Նշենք նաև, որ օրեր առաջ ԱՄՆ-ն մերժել է թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի կարգավորման համար ընդհանուր հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը։
Մեկնաբանություններ