Իրանը փակել է Իրաքի հետ սահմանը

Իրանի իշխանությունները փակել են Իրաքի հյուսիսային հատվածի հետ սահմանը, ինչն արվել է անցած ամիս Իրաքյան Քրդստանի անցկացրած վիճահարույց անկախության հանրաքվեին ի պատասխան: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իրանական լրատվամիջոցներին հղումով: «Հաշվի առնելով Իրաքի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները՝ Իրանը փակել է Բաշմաղ սահմանային դարպասն Իրաքյան Քրդստանի հետ»,-հայտնել է իրանական Tasnim լրատվական կայքը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.