
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դուրս կգա ավելի վաղ՝ 2015թ. Իրանի ու «միջնորդ 6-յակ»-ի միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից, թե միջազգային հանրության անդամները փորձեն վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:
«Եթե Իրանն ինչ-որ պահի զգա, որ հակառակ կողմի՝ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլերն իր համար անբավարար են, Իրանը կունենա մի քանի տարբերակ, որից մեկը գործող միջուկային համաձայնագրից դուրս գալն է»,-մեջբերում է ria.ru-ն Իրանի գլխավոր դիվանագետի խոսքը:
Արտգործնախարարն ընդգծել է, որ եթե պատժամիջոցները վերականգնվեն Իրանի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (նավթի առևտուր, օդային փոխադրամիջոցների վաճառք), ապա Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավասու կլինի որոշում կայացնել միջուկային համաձայնագրին հետագա մասնակցության հարցով:
Աղբյուրը նկատում է, որ Զարիֆի հայտարարության համար հիմք է ծառայել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուրբաթ օրվա ելույթը, ում 71-ամյա ղեկավարը կրկին քննադատել ր Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը: Թրամփը խոստացել է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար:
Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 14-ին Իրանի և «միջնորդ 6-յակ»-ի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև կնքվել է պատմական միջուկային համաձայնագիր, ինչի արդյունքում Թեհրանը համաձայնել է սառեցնել վիճահարույց միջուկային ծրագիրը, իսկ դրա դիմաց Արևմուտքը չեղարկել է մ սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցների մեծ մասը:
Սակայն Դոնալդ Թրամփի կարծիքով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրը անհաջող է ու չի բխում Միացյալ Նահանգների շահերից: Հայտնի է, որ «միջնորդ 6-յակ»-ի մյուս 5 անդամները համակարծիք չեն Թրամփի հետ ու կողմ են համաձայնագրի պահպանմանը: