Բանտերում բավականաչափ տեղ կա. Ղրղըզստանի նախագահը խոստացել է պատժել երկրում այս պահին ընթացող նախագահական ընտրություններին խոչընդոտողներին

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը երկրում մեկնարկած նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր մտադիր են այսօրվա ընտրությունների խաղաղ ընթացքին խոչընդոտել անկարգություններով: «Նստացրել ենք ու նստացնելու ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են անկարգություններ անել նախագահական ընտրությունների ժամանակ»,-մեջբերում է kabar.kg կայքն Ատամբաևի խոսքը: Նախագահը նաև մանրամասնել է, որ նախորդ օրը ձերբակալվել է քաղաքացիներին գումար բաժանող մի խումբ: «Ժամանակները, երբ կարելի էր ամեն ուզած բանն անել, արդեն անցել են»,-ընդգծել է Ատամբաևը: Ղրղըզստանի նախագահն շեշտել է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին, ուստի՝ ինքը բավականաչափ ժամանակ կունենա ընտրությունները փչացնելու նպատակ ունեցողներին պատժելու համար: «Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են անկարգություններ անել, բանտերում բավականաչափ տեղ կա»,-ասել է Ատամբաևը: Ինչպես հաղորդում է interfax.ru-ն, երկրի ներքին գործերի նախարար Ալմազ Օրոզալիևը հայտնել է, որ ընդհանուր իրավիճակը խաղաղ է, արձանագրվել են մանր խախտումներ: Հիշեցնենք, որ Ղրղըզստանում ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են ավտոմատացված էլեկտրոնային համակարգերի միջոցով, ինչն, ըստ երկրի իշխանությունների, կբացառի կեղծումների հավանականությունը: Ատամբաևի նախագահության ժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին: Սահմանադրական կարգի համաձայն՝ նա չի կարող կրկին առաջադրվել:
Մեկնաբանություններ