
Այս տարի խաղաղության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի արժանացած Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN) գործադիր տնօերն Բեատրիս Ֆինը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:
Ինչպես նշում է
The Independent-ը, Ֆինն ասել է, որ «Թրամփը միջուկային պատերազմի վտանգը նվազեցնելու փոխարեն, նոր հակամարտություն է հրահրում»:
Պարբերականը մանրամասնում է, որ Ֆինի հայտարարությանը նախորդել էր Թրամփի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ վերջին էլույթը, որում ԱՄՆ նախագահը ցանկություն էր հայտնել չեղարկել պատմական փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ 2015թ. Իրանի ու «միջնորդ 6-յակ»-ի միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի շնորհիվ Թեհրանը համաձայնել է սառեցնել վիճահարույց միջուկային ծրագիրը, ինչի դիմաց Արևմուտքը չեղարկել է այդ երկրի դեմ սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցների մեծ մասը:
«Նախագահ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկելու փորձը հստակ վկայություն է առ այն, որ աշխարհն այժմ ահռելի միջուկային վտանգի առաջ է: Ուստի՝ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր պետությունները արգելեն ու վերացնեն այդօրինակ զենքերը»,-ասվում է Ֆինի հայտարարությունում:
Հայտնի է, որ Դոնալդ Թրամփն Իրանի հետ կնքված համաձայնագիրն անհաջող է համարում ու կարծում է, որ այն չի բխում Միացյալ Նահանգների շահերից: Մինչդեռ «միջնորդ 6-յակ»-ի մյուս 5 անդամները (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) համակարծիք չեն Թրամփի հետ ու կողմ են համաձայնագրի պահպանմանը: