Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլ ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ պատվիրակության ղեկավարի Երևան առաջին այցը համընկել է հենց մայրաքաղաքի տոնին, ինչը հրաշալի հնարավորություն կլինի մասնավորապես Աննա Միտյանինայի համար՝ լավագույնս բացահայտելու Երևանի ինքնատիպ հմայքն ու ջերմությունը, ինչպես նաև ճանաչելու միշտ հյուրընկալ և սրտաբաց երևանցիներին: «Անշուշտ, կարևոր է, երբ գործընկերային հարաբերությունները բարձր մակարդակի են և դինամիկ զարգացում են արձանագրում: Բայց, իմ խորին համոզմամբ, շատ ավելի կարևոր է, երբ գործնականը վերաճում է անշահախնդիր բարեկամության, ինչն այսօր միանշանակ առկա է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև:  Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք և մեզ հետ միասին լիասիրտ տոնելու եք մեր սիրելի քաղաքի տոնը: Վստա՛հ եմ, որ Դուք շատ կսիրեք մեր քաղաքը, քանի որ «Էրեբունի-Երևանն» այն բացառիկ տոնն է, որը լիարժեք բացահայտում է թե՛ քաղաքի հմայքը և թե՛ մեր համաքաղաքացիների ջերմությունն ու հյուրընկալությունը: Ու համոզվա՛ծ եմ, որ Ձեզ հետ Երևանից կտանեք շատ հաճելի հիշողություններ, որոնք հաստա՛տ կստիպեն, որ կրկին այցելեք մեր ջերմ ու բարի քաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքը` Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինան նշել է, որ արդեն իսկ հասցրել է տեսնել և զգալ սիրո քաղաք Երևանի տոնական շունչն ու ջերմությունը, ինչն իսկապես տպավորիչ է: «Վստա՛հ եմ, պարոն քաղաքապետ, որ Դուք հրաշալի գիտեք, թե Սանկտ Պետերբուրգը որքան է կարևորում Երևանի հետ համագործակցությունը: Նաև գիտեք, որ Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, ինչն այսօր արդեն նաև ես կարող եմ վստահաբար ասել, որ լիովին արդարացված է: Ձեր քաղաքն իսկապես յուրահատուկ էներգետիկա ունի, որը, կարծում եմ, ինձ, իրոք, կստիպի, որ կրկին այցելեմ այստեղ», - նշել է Աննա Միտյանինան: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրել է նաև իր ջերմագին ողջույնները փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ, իր լավ բարեկամ Գեորգի Պոլտավչենկոյին և, առիթն օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելելու Երևան և դառնալու 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:
Մեկնաբանություններ