Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Թովմասյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ա. Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։   Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։   Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի ԱԽ-13-Ե-9 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.   1. Արման Թովմասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:   2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի Վարչական մասնագիտացման բաժնի 2-րդ կետը: Կենսագրական տվյալներ Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում: 1996 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 2000 թվականին։ 2000 թվականից մինչև 2002 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2003 թվականից աշխատել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի վիճակագիր։ 2005 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետի պաշտոնում: 2006 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։ 2006 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։ 2007 թվականին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի պետի պաշտոնում։ 2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Մեկնաբանություններ