
Քննադատություններ պետք է լինեն. այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում այն քննադատություններին, ըստ որոնց, Երևանի տոնակատարությունների համար չպետք է շատ գումար ծախսվի:
«Բնական է՝ կան քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, որոնց դուրը չի գալիս մեր Երևանի տոնը, բայց այն երևանցիներիս՝ բոլորիս դուրը գալիս է, և մենք միասին պետք է նշենք մեր Երևանի ծննդյան տոնը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե օրինակ, կառավարությունը զբաղված է կրճատումներով՝ բյուջեի խնայողության համար, արդյո՞ք Երևանի քաղաքապետարանն էլ այդ տրամաբանությամբ չի աշխատում, Տարոն Մարգարյանը պատասխանեց, թե նման խնդիր չկա։
«Նման խնդիրներ չկան, քանի որ համայնքի բյուջեի մի մասը հենց համայնքի սեփական եկամուտներն են, և մենք փորձում ենք հենց նման միջոցները համայնքի սեփականության և բարերարների միջոցով իրականացնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Երևան քաղաքի հիմնադրման 2977-րդ ամյակը: