Իսպանիան հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած գրողին

Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամյա գրող Դողան Աքանլիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իսպանական El Pais-ը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտահանձնել Աքանլիին՝ նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրյալ կապեր ունենալու մեջ: Իսպանական կառավարության նման որոշումը, սակայն սպասելի էր՝ հաշվի առնելով, որ անցած տարվա սեպտեմբերի 29-ին այն մերժել էր նաև Անկարային արտահանձնել ազգությամբ թուրք Շվեդիայի քաղաքացի լրագրող Համզա Յալչինին»,- գրում է թերթը: Իսպանիայի կառավարությունն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Աքանլիին 1993թ-ին Գերմանիայում փախստականի կարգավիճակ է տրամադրվել, իսկ 2001թ-ին նա զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից: Ըստ Իսպանիաի արդարադատության նախարարության՝ ապաստանի տրամադրման համար եղած պատճառները դեռևս պահպանվում են: Ինտերպոլին կատարած Թուրքիայի դիմումի հիման վրա Դողան Աքանլին բերման էր ենթարկվել այս տարվա օգոստոսի 19-ին Գրանադայում գտնվող հյուրանոցներից մեկից, որտեղ իր կնոջ հետ անցկացնում էր արձակուրդը: «Աքանլին հայտնի է 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր գրքերի համար, իսկ այդ թեման տաբու է Թուրքիայում: Այդ երկրի իշխանությունները մեղադրում են գրողին ահաբեկիչների հետ կապեր ունենալու, գողություններ ու սպանություններ ծրագրելու մեջ. այս մեղադրանքները կարճվել էին, սակայն գործը վերաբացվել էր 2011թ-ին»,- գրում է El Pais-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աքանլիի հարցն անձամբ է բարձրացրել իսպանացի իր գործընկեր Մարիանո Ռախոյի հետ օգոստոսին Փարիզում ունեցած հանդիպման ժամանակ, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր երկրի գոհունակությունն է արտահայտել Իսպանիայի կառավարության կայացրած որոշման առնչությամբ: «Գերմանիան և Շվեդիան դատապարտել են Ինտերպոլի գործիքների օգտագործումը կեղծ նպատակներով, մասնավորապես քաղաքական այլախոհների հանդեպ ճնշումներ գործադրելու համար»,- ամփոփում է իսպանական թերթը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.