Թրամփն Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր որոշմամբ միջազգային ճգնաժամ է ստեղծում և հարվածի տակ դնում մեր շահերը. Ջոն Քերի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր որոշմամբ միջազգային ճգնաժամ է ստեղծում և հարվածի տակ դնում անվտանգության ոլորտում ԱՄՆ ազգային շահերն ու ԱՄՆ դաշնակիցների շահերը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին։ «Թրամփի որոշումը վտանգավոր է, այն միջազգային ճգնաժամ է ստեղծում։ Այն վտանգի է ենթարկում անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի շահերն ու ԱՄՆ դաշնակիցների շահերը»,-գրել է Քերին Twitter-ում։ Նա այդ որոշումն անվանել է «նախագահի կողմից փաստերից հրաժարում՝ ի շահ սեփական գաղափարախոսության»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին պետքարտուղարը, որը մասնակցել է Իրանի հետ միջուկային գործարքին, հայտարարել է, որ չի հասկանում՝ ինչու Թրամփը չի կարողանում ընդունել Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրի կետերը պահպանելը, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ԱՄՆ դաշնակիցներն ու Թրամփի վարչակազմի անդամներն այդպես են համարում։ «Սակայն պատճառն ինչն էլ լինի՝ իրականությունն այն է, որ խախտելով համաձայնագրի կայունությունը՝ նախագահը թուլացնում է մեր դիրքերը, հեռացնում դաշնակիցներից, բարդացնում ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամի կարգավորումը և մոտեցնում մեզ ռազմական կոնֆլիկտի»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն ուրբաթ հրաժարվել է հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով սահմանված կետերը: ԱՄՆ ղեկավարը հայտարարել է նաև Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ «ահաբեկչությանն աջակցելու համար», և հայտարարել, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի միջուկային ծրագրի թերությունների վրա:
Մեկնաբանություններ