Երևանի 2799-ամյակի առթիվ լվացվում են մայրաքաղաքի արձանները

Ձևավորված բարի սովորույթի համաձայն, Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականությունն իրենց վրա էին վերցրել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողների աջակցությամբ, երիտասարդներն իրենց բնորոշ խանդավառությամբ և նվիրումով լվացել ու պատշաճ տեսքի են բերել մայրաքաղաքի բազմաթիվ արձաններ: Երիտասարդների շնորհակալ գործին հիացմունքով հետևող անցորդներից շատերն արդարացիորեն նկատել են, որ Սիրո քաղաք Երևանի արձաններն անգամ սիրո պակաս չունեն, և Երևանում արդեն ամեն ոք ու ամեն ինչ պատրաստ է 2799-ամյա սիրելի քաղաքի տոնը լիարժեք տոնախմբելուն:
Մեկնաբանություններ