
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին սպասվող համայնքի ղեկավարի թեկնածուների թվում է նաև անկուսակցական Վազգեն Արարատի Ադամյանը, ով իր վարքով լրագրողների տեսադաշտում էր հայտնվել դեռ 2017թ-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը տեսախցիկով
արձանագրել էր, թե ինչպես է անկուսակցական Վազգեն Ադամյանը Ճամբարակի թիվ 20/24 ընտրատեղամասում քվեախցիկից ներս նայում՝ ստուգելու, թե ում է քաղաքացին ընտրում:
Հարցին` ի՞նչ է անում, Վազգեն Ադամյանը պատասխանել էր «լավ է անում» և հայհոյել լրագրողին: Իսկ նրա կողքին կանգնած ոստիկանները որևէ ձև չէին կարողացել կարգի հրավիրել հայհոյողին՝ լուռ հետևելով միջադեպին:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի փաստաբան Կարեն Թումանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի կողմից 2017թ-ի ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների ժամանակ 20/24 ընտրատեղամասում տեսանկարահանված նյութի հիման վրա 2017թ-ի ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից ՔՕ-ի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ: Այնուհետև Վազգեն Արարատի Ադամյանի և Սամվել Նադարյանի նկատմամբ մայիսի 2-ին քրեական հետապնդում չիրականցնելու որոշում է կայացվել:
«Լրագրողի գործունեության խոչընդոտման մասով քրեական հետապնդումը դադարեցրել են և գործ է հարուցվել միայն ընտրողի նկատմամբ ճնշում գործադրելու մասով: Արագացված դատաքննության կարգով նրա դեմ վճիռ է կայացվել, որպես պատիժ` տուգանք նշանակվել, նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկ՝ 500 000 դրամի չափով»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ լրագրողի գործողությունների խոչընդոտման հետ կապված դեռևս գործը չի ավարտվել: «Դատավճիռը բողոքարկել եմ, դատախազը մերժել է, հիմա գործը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում է»,-ասաց նա:
Կարեն Թումանյանը նշեց, որ Վազգեն Արարատի Ադամյանը, եթե նույնիսկ դատավճռի պահանջները կատարել է, մեկ տարի հետո միայն կարող է նրա դատվածությունը համարվել մարված:
Մինչդեռ ըստ դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ տեղեկատվության՝ Վազգեն Ադամյանի վերաբերյալ դատավճռի պահանջներն ամբողջությամբ կատարվել են և 11.08.2017թ. հանվել է հաշվառումից:
Նշենք, որ դեռևս մեկ տարին էլ չի լրացել դատվածությունը մարված համարելու համար, իսկ ըստ Սահմանադրության՝ ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: