Տաքսի ծառայությունները կարգավորող նոր օրենքի նախագծում ներկայացրել են այն, ինչ գործել է մինչև 2015թ.-ը. Տիգրան Հովհաննիսյան

Այն, ինչ տաքսի ծառայությունները կարգավորող նոր օրենքի նախագծում ներկայացրել են, գործել է մինչև 2015թ.-ը, միայն դեղին պետհամարանիշերի պայմանն է բացակայում: Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում: «Ինչո՞ւ մենք այդ ամենը լուծարեցինք, լիցենզավորման կարգը հանեցինք, հիմա երկու տարի հետո անդրադառնում ենք նույն խնդիրներին. նորից բոլորն անհատ ձեռներեցները պետք է ներկայանան, պետական տուրք վճարեն, որ կարողանան հարկային դաշտում աշխատել, այլ ոչ թե պարզապես վճարում կատարեն Տրանսպորտի և կապի նախարարության հաշվեհամարին»,-նշել է Տիգրան Հովհաննիսյանը: Նա ափսոսում է, ամեն ինչ ձախողվեց, և երկու տարի հետո նորից վերադառնում են նախկին կարգին։ «15000 դեղին պետհամարանիշներով անհատ ձեռնարկատերեր և կազմակերպություններ լուծարվեցին, ոմանք բանկային ծառայությունների մեծ բեռի տակ մտնելով՝ պարզապես ինքնասպան եղան: Քանի որ 10 տարեկանի շեմը հանվեց, մարդիկ, տաքսի սերվիսների տերեր 200 հազարի բեռի տակ մտան, ով կարողացավ, մտավ այդ ոլորտը սպասարկելու։ Իսկ այդ մարդը 200 հազար դոլար վերցնելով, հազիվ թե կարողանար այդ անարդար մրցակցությանը դիմանալ»,-ասաց նա։ Վարորդների պաշտպանության լիգայի նախագահի խոսքով՝ ցանկացած լիցենզավորում վերաբերում է կարծես թե Երևան քաղաքի նույնիսկ միայն կենտրոնին: ՀՀ մնացած տարածքներում չի գործում այդ համակարգը, սա էլ, ըստ նրա՝ ձախողված կարգ է, որովհետև ո՛չ Գյումրիում, ո՛չ Վանաձորում, Հայաստանի ոչ մի տարածքում սա չի կարող գործել: «Մենք արդեն իսկ հասկացել ենք, և ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովում արդեն քննարկումներ ենք իրականացնում, որ միայն տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ստանձնեն այդ լիցենզավորման գործառույթները, այսինքն՝ տարածքային, սոցիալական խնդիրները հասկանալով, քաղաքացիների դժվար իրավիճակն ըմբռնելով, որ այլ քաղաքացիներ ևս պարզապես գոյություն պահպանելու համար փոխադրմամբ կարողանան զբաղվեն: Երկու տարբերակ պետք է լինի, Տրանսպորտի նախարարությանը մենք մեր մտքում արդեն իսկ թաղել ենք: Իրենց սենյակներում, չգիտեմ ովքեր են, սրտաճմլիկ բաներ գրում»,- ասել է Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ նախարարն անգամ հասարակական խորհուրդ չի ստեղծում, անգամ կազմակերպությունների ղեկավարներին չի կանչում՝ նրանց հետ զրուցելու:
Մեկնաբանություններ