
Հոկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ով Հայաստան է ժամանել «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է աղետների կանխարգելման և դրանց ռիսկերի նվազեցման գործում միջազգային համագործակցությունը ու ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, ինչի վկայությունն է Հայաստանում այդ բնագավառին վերաբերող բազմակողմ միջոցառումների պարբերական անցկացումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլա Ալբրիտոն բարձր է գնահատել Հայաստանի փորձն աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանն այս բնագավառում տարածաշրջանի առաջատարներից է:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող միջազգային և տարածաշրջանային համագործակցությանը։