
Իրաքյան Քրդստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Երվանդ Արմենյանի խոսքով՝ հանրաքվեից հետո իրենց հասարակությունը սպասում է, որ քաղաքական կյանքը որոշ ժամանակով անկայուն կլինի: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ որքան մոտենում են խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրերն այնքան հասարակության շրջանում վախը մեծանում է:
«Ես ակնկալում եմ, որ Քրդստանում հանրաքվեի արդյունքում երկիրը կանցնի նորմալ ժողովրդավարական կարգերի, ինչի իրականացումը հնարավոր չէր լինի անջատողական երկրում: Իրականում կա քրդերի համար երկիր ստեղծելու կամք և ցանկություն, և դրա հետ պետք է համակերպվի նաև միջազգային հանրությունը»,- ասաց նա:
Երվանդ Արմենյանը նկատեց, որ այո, միջազգային հանրությունը չի կարող հիմա աջակցել Քրդստանի ստեղծմանը, քանի որ դրան անմիջապես կպատասխանի Իրաքը: Նրա խոսքով Բաղդադը չի ընդունի ցանկացած միջամտություն այլ կողմերից: «Միջամտությունն անհնար կլինի»,- նշեց նա:
Հարցին՝ կարծու՞մ է, որ, այնուամենայնիվ, կլինեն նոր երկրներ, որ կճանաչեն Քրդստանի հանրաքվեն, նա պատասխանեց, որ իր համոզմամբ, եթե Իրաքյան Քրդստանում մարդիկ որոշեն հիմնել իրենց երկիրը, միջազգային հանրությունն անպայման դա կճանաչի:
Դիտարկմանն՝ արդյո՞ք հնարավոր են բանակցություններ Բաղդադի և Էրբիլի միջև այն դեպքում, երբ Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին համաձայնել է բանակցությունների սեղանի շուրջ նստել, սակայն առանց նախապայմանների, հայազգի պատգամավորը պատասխանեց․ «Իրականում կողմերի միջև բանավեճը միայն կարող է լուծել եղած բոլոր խնդիրները»:
Հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերում նրան, որ Հայաստանն Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հետ կապված արտահայտեց չեզոք դիրքորոշում, հայազգի պատգամավորը ներկայացրեց իր պատկերացումը․ Հայաստանը դեմ չէ Քրդստանի անկախությանը: «Կարծում եմ՝ Հայաստանը դեմ չէ, քանի որ Քրդստանի անկախության հռչակմամբ սկիզբ կդրվի նաև Թուրքիայի մասնատմանը: Հայաստանը նաև հիմա կարող է միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախի հիմնախնդրի վրա, որովհետև այն հիշեցնում է Քրդստանում տեղի ունեցողը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: