ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային հանրությունը ուզում են, որ Ղարաբաղը բանակցությունների մաս դառնա. արցախցի պատգամավոր

Արցախում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առանձնակի ակնկալիքներ չունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գրիգորի Կասպարյանը: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումն, ըստ նրա, տեսականորեն կարող է բանակցային գործընթացի մեկնարկի համար լավ խթան լինել, բայց գործնականում դժվար թե դրական տեղաշարժ լինի ու բանակցային գործընթացը փակուղուց դուրս գա: «Կարծում եմ, որ բանակցությունների մեկնարկի համար հարկավոր է առաջին հերթին դադարեցնել լարվածությունը շփման գծում, պահպանել հրադադարի ռեժիմը, պետք է կողմերի միջև ստեղծվի վստահության մթնոլորտ: Եթե կողմերը իրար չեն վստահում, խախտում են հրադադարը, մտածում են, որ մի բան լինելու  է, որը մեկը հարձակվելու է, կրակելու է։ Կողմերն իրար չեն հավատում, չունեն վստահություն տրված խոստումների կամ պայմանավորվածությունների կատարման մասով»,- ասաց նա: Գրիգորի Կասպարյանը նշեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները իրականացնելու դեպքում հնարավոր կլիներ վստահության որոշակի մթնոլորտ ձևավորել, բայց Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել դրանք: «Ադրբեջանը համաձայնում է դրանք իրականացնել, հետո չի իրականացնում, հետո հայտարարում է, որ չի էլ համաձայնել: Անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում պարտադրել, որ իրականացնեն պայմանավորվածությունները՝ չնայած ճնշումներ գործադրում են: Գուցե խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի՞ ուզում լուծել այս հակամարտությունը»,- նշեց պատգամավորը: Կասպարյանի խոսքով՝ Ադրբեջանը նախորդ տարի փորձեց հակամարտությունը պատերազմի միջոցով լուծել, բայց չհաջողեց: Նա շեշտեց, որ չի կարելի բացառել նոր լարվածության աճ, թեև արվում է ամեն ինչ, որ հարցն այդ տարբերակով չլուծվի: Գրիգորի Կասպարյանն ընդգծեց նաև, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: «Առանց մեզ այս հարցը չի լուծվի: Եթե անգամ բանակցություններ սկսվեն, առանց մեզ չի լինի: Այն, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, խոսում է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե՛ միջազգային հանրությունը»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ միջազգային հանրությունն իր կարծիքով պատրաստ է տեսնել Ղարաբաղին բանակցային գործընթացում: Հարցին՝ եթե միջազգային հանրությունը, ՄԽ-ն ուզում են, որ Ղարաբաղը վերադառնա բանակցություններին, ինչո՞ւ չեն ճնշում Ադրբեջանին, ապա Գրիգորի Կասպարյանը պատասխանեց, որ «ճնշում» հասկացությունը այս պարագայում տեղին չէ: Կասպարյանն ասաց, թե Ղարաբաղը դառնա բանակցությունների մաս, ապա ձևաչափը կփոխվի, իսկ միջազգային հանրության համար հիմա ձևաչափի փոփոխության պատեհ պահ չէ:  
Մեկնաբանություններ