Առաջին անգամ INSARAG-ի չափանիշներով ուսանողական վարժանք է անցկացվել. ԱԻՆ

Երևանում անցկացված «Դիմակայության բարձրացում հանուն կայուն զարգացման» թեմայով միջազգային համաժողովի շրջանակում և հոկտեմբերի 13-ին նշվող աղետների ռիսկի նվազեցման միջազգա­յին օրը, կազմակերպվել էր ուսանողական վարժանք: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադե­միայի 3-րդ և 4-րդ կուրսերի ավելի քան 100 ուսանողի մասնակցու­թյամբ «Լուսակերտ» գործ­նական պարապմունքների բազայում անցկացվեց ցուցադրական վարժանք՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհ­րդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան: Նմանօրինակ վարժանք Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, որտեղ ներգրավված են միայն ուսա­նողներ և որի սցենարն առավելա­գույնս մոտեցված է իրականությա­նը: Ըստ սցենարի՝ տեղի էր ունեցել երկրաշարժ, կան փլուզումներ, պայմանական զոհեր ու տուժածներ: Պայմանական աղետի արձագանքման բոլոր միջոցառումները (կա­ռավարման շտաբի բացազատում-կառավարում, համագործակցու­թյուն տեղական ինքնակառավար­ման մարմինների հետ, բարձրա­հարկ փլուզված շենքի վերևի հար­կերում արգելափակված մարդկանց տարհանում՝ պարանների օգնությամբ, փլատակներում մնացած տուժածների հայտնաբերում, դուրսբերում, բուժտեսակավորման կետի ծավալում, առաջին օգնության ցուցաբերում և այլն: Փրկարարական աշխատանքներին զուգահեռ պարբերաբար նոր «ահազանգեր» էին ստացվում՝ երկա­թուղային կայարանում հրդեհ և խուճապ էր, վագոններից մեկը լցվել էր ծխով, իսկ ուղեկցորդուհին ներսում ուշագնաց էր եղել, փլա­տակների կույտից մարդկանց ձայներ էին լսվում, շենքի փլուզման հետևանքով մեքենաներ էին մնացել քարերի տակ, ու մեքենաների մեջ մարդիկ էին արգելափակվել: Ուսումնական բոլոր տեղա­մասերում փրկարարների դերում բացա­ռապես ուսանողներն էին: Նրանք որոնողական աշխատանքներն իրականացնում էին երեք տեսակի սարքերով, փլա­տակներում տուժածների հայտնա­բերումից հետո իրականացնում փլատակների բացում՝ պնևմատիկ, հիդ­րավլիկ, էլեկտրական, ներքին այր­ման շարժիչով ու մեխանիկական սարքերով: Վարժանքի շնորհիվ ապագա փրկարարները սովորում էին նաև թե ինչպե՞ս պետք է խոսել տուժածի հետ, ի՞նչ հարցեր տալ, ինչպե՞ս պարզել, թե մոտավորապես ո՞ր մասում կարող են էլի տուժածներ լինել և այլն: Վարժանքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավար­ման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի անձնակազմը, որը կազմված է փորձառու փրկարարներից: Նրանք չէին միջամտում վարժանքին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նկատում էին, որ վարժանքի մասնակից ուսանողը սխալ է թույլ տալիս, որը կարող է անվտանգության­ սպառնալիք առաջացնել:
Մեկնաբանություններ