
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ալթոթինգի շրջանից ժամանած ուխտավորների՝ գլխավորությամբ Ալթոթինգի քաղաքապետ Հերբերտ Հոֆաուերի:
Քաղաքապետը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ Ալթոթինգ քաղաքը գերմանախոս ժողովուրդների համար սրբազան և նվիրական վայր է: Պրն. Հոֆաուերը նաև ուրախություն հայտնեց դեպի Հայաստան կազմակերպված ուխտագնացության առիթով:
Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ուխտավորներին` նշելով, որ հաճելի է համայն հայության հոգևոր կենտրոնում տարբեր երկրներից հյուրընկալել Քույր Եկեղեցիների հետևորդներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին սերտորեն համագործակցում է Գերմանիայի տարբեր Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների հետ և վերջիններիս աջակցությամբ Հայաստանում իրականացվում են մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր:
Ամենայն Հայոց Հայրապետն ուխտավորներին ներկայացրեց պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, անդրադարձ կատարեց ներկայիս գործունեությանը:
Գարեգին Բ Կաթողիկոսը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու միջեկեղացական հարաբերություններին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: