Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, մեզ չի խանգարում, որ դուք մահմեդական եք, մենք՝ քրիստոնյա. Լուկաշենկո

Բելառուսն ու Ադրբեջանը համագործակցում են տարբեր ուղղություններով, երկու երկրներն ունեն ամենաջերմ և մտերիմ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է belta.by-ն: «Մենք բացարձակ վստահում ենք իրար: Մենք համատեղ ձեռնարկություններ ենք ստեղծում և առևտուր ենք անում երրորդ երկրների հետ: Մենք ձեզ հետ միասին գնում ենք ավելի հեռու՝ դեպի հարավ, արևելք: Եվ մենք հավատարիմ կմնանք տնտեսությունում այդ քաղաքականությանը: Մեր առևտուրն աճում է, ռազմատեխնիկական համագործակցությունը՝ նույնպես: Մենք դա ոչ մեկից չենք թաքցնում»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը: Լուկաշենկոն նշել է, թե Ադրբեջանը «խաղաղասեր ժողովուրդ է», և «չնայած Ղարաբաղում խնդիրներին՝ խաղաղ դիրքորոշում ունի այդ հարցում»: «Այդ պատճառով մենք, ինչպես ես արդեն ասել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ոչինչ չունենք արդարանալու այս կամ այն պետության առաջ»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը: Նա նշել է, որ կողմերն իրենց հարաբերությունները կառուցում են Բելառուսի և Ադրբեջանի ժողովուրդների ցանկության համապատասխան, նրանց բարեկեցության աճի համար: «Այդ հարցում դուք կարող եք մեզ վստահել: Դուք մեզ օտար չեք: Դուք մեր եղբայրներն եք, մենք ապրել ենք մի պետությունում: Եվ մեզ անգամ չի խանգարում, որ դուք մահմեդական եք, իսկ մենք՝ քրիստոնյա»,- ընդգծել է Լուկաշենկոն: Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները «եղբայրական բնույթ են կրում», և հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար:
Մեկնաբանություններ