Եթե միջնորդների առկայությամբ հանդերձ այստեղ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին. Շ. Քոչարյան

40ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել և այս ամենն անվերջ շարունակվել չի կարող: «Մի երեք-չորս տարի առաջ մեզ ասում էին, թե` ա՛յ, Եվրոպայի խորհուրդն այս ընդունեց, այն ընդունեց։ Ակնհայտ էր, որ այդ կաշառելու գործընթացը կհասնի իր այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է»,-ասաց նա: Անդրադառնալով բանակցային գործընթացին` նախարարի տեղակալն ասաց, որ նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ։ «Վերջիվերջո, Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։ Հիմա հարց` անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելությունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհ որևէ ծայրում։ Բայց եթե իրենք միջնորդ են, և միջնորդ լինելով հանդերձ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ձերբազատվել է այդ ձևաչափից»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ մասին դեռ որևէ բան հայտնի չէ: «Եթե որևէ բան լինի, կհայտարարվի: Հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռնտու չէ։ Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այդուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ասաց Շավարշ Քոչարյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.