Քաղաքական նշանակում` առավել ամուր տնտեսական կապեր ստեղծելու համար. The Hill Times-ի հարցազրույցը Կանադայում ՀՀ նոր դեսպանի հետ

Հոկտեմբերի 11-ին կանադական The Hill Times պարբերականը հարցազրույց է տպագրել ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի հետ, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև: Պարբերականն առհասարակ հարցազրույցներ չի տպագրում, սակայն այս դեպքում բացառություն է արվել: Պարբերականը նշել է՝ Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպանը պատրաստվում է Կանադայի հետ առավել ամուր տնտեսական և գործարար կապեր ստեղծել՝ զարգացնելով երկու երկրների միջև քաղաքական շփումները. դեսպանի խոսքով՝ Կանադան, որն արդեն զարգացած հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ակտիվացնելով և առավել ամուր քաղաքական շփումներ ստեղծելով, հնարավորություն կստանա օգտվել ԵՏՄ շուկայի առավելություններից: Լևոն Մարտիրոսյանն ընդգծել է՝ մուտքը հայկական շուկա ավելի քան 170 միլիոնանոց շուկայի դարպաս է հանդիսանում` բացատրելով, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի տնտեսական միությունն է: Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի` ԵՏՄ-ն ունի շուրջ 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն ներքին արդյունք: «ԵՏՄ-ն տրամադրում է բոլոր տեսակի հնարավորությունները և ազատ գործարար միջավայր է ներդրողների համար, այնպես որ մենք կողջունենք կանադական ներդրողներին, և դա լինելու է իմ` որպես դեսպանի աշխատանքի շատ կարևոր մասը», - ասել է Լևոն Մարտիրոսյանը սեպտեմբերի 25-ին տված իր հարցազրույցում: Նա նշանակվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հուլիսի 12-ին և սեպտեմբերի 12-ին Քեբեք Սիթիում իր հավատարմագրերն է հանձնել նախկին Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Նախքան Կանադա գալը՝ սկսած 2012թ.-ից, Լևոն Մարտիրոսյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, և մինչ այդ, 2007թ. եղել է Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիրը:  Լևոն Մարտիրոսյանը բացատրել է՝ ՄԻԱԿ-ն ուներ միևնույն մոտիվացիան և պլատֆորմը, ինչ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` Հայաստանի ներկայիս իշխանական կուսակցությունը, այնպես որ 2012թ. ընտրություններում ՄԻԱԿ-ը և դրա բազմաթիվ անդամներ միացան ՀՀԿ-ին: Լևոն Մարտիրոսյանը սերտ հարաբերություններ ունի Նախագահ Սարգսյանի հետ, և հանդիսացել է վերջինիս օգնականը 2008-2012թթ.: Նա նշել է, որ Նախագահը մի օր կանչել է իրեն և առաջարկել դառնալ ՀՀ դեսպանը Կանադայում: «Ինձ համար սա նոր փորձ է, սակայն պատիվ է, հաճույք և պատասխանատվություն՝ լինելու ՀՀ դեսպանը», - ասել է դեսպանը և ավելացրել, որ պատրաստվում է նաև ծանոթանալ կանադահայ համայնքին, որը 2016թ. մարդահամարի տվյալներով կազմում է շուրջ երեսուներեք հազար մարդ: Դեսպանը նաև ծրագրում է զարգացնել կապերը Հայաստանի և Կանադայի կրթական հաստատությունների միջև: Մարտիրոսյանը սեպտեմբերի 23-ին և 24-ին այցելել է Մոնրեալ և Տորոնտո, ուր հայ համայնքն ամենամեծն է` տոնելու ՀՀ Անկախության տարեդարձը, որ նշվում է սեպտեմբերի 21-ին: «Շատ հաճելի էր Մոնրեալում և Տորոնտոյում հանդիպել կանադացի պատգամավորների, ինչպես նաև կանադական կառավարության ներկայացուցիչների, քաղաքապետերի և քաղաքային խորհուրդների անդամների հետ: Սա նույնպես ապացույցն է կանադահայ համայնքի և կանադական օրենսդիր մարմիններում դրա ներկայացուցիչների միջև առկա սերտ հարաբերությունների», - ընդգծել է դեսպանը՝ ավելացնելով, որ ինքը հնարավորություն է ունեցել հանդիպելու Ազատական պատգամավոր Էմանուելլա Լաբրոպոուլոսին և Մարքհեմի քաղաքապետ Ֆրենկ Սքարփիթիին: Դեսպանի աշխատանքի ուղղություններից մեկն էլ լինելու է Կանադայի արտաքին գործերի նախարարության հետ ակտիվ աշխատանքը` ՀՀ-ում Կանադայի դեսպանություն հիմնելու շուրջ, մի բան, որի ուղղությամբ նախորդ դեսպան Արմեն Եգանյանն ակտիվ աշխատանք է տարել` Ազատական կառավարության հետ ակտիվ համագործակցելով: Դա եղել է Կանադայի Ազատական կուսակցության նախընտրական խոստումը: «Մենք պարբերաբար առաջարկում ենք մեր կանադացի գործընկերներին` դիտարկել ՀՀ-ում Կանադայի դեսպանություն հիմնելու հարցը` հաշվի առնելով մեր հիանալի հարաբերությունները համագործակցության բոլոր բնագավառներում, -ասել է Լևոն Մարտիրոսյանը,-ՀՀ-ում Կանադայի դեսպանության հիմնումը մեծապես կնպաստի մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունների առաջմղմանը»: Ներկայումս ՌԴ-ում Կանադայի դեսպանը համատեղության կարգով հանդիսանում է նաև Կանադայի դեսպանը ՀՀ-ում: Բացի այդ, Կանադան ՀՀ-ում ներկայացնում է պատվավոր հյուպատոսը: Կանադայում ՀՀ դեսպանը պարբերականին ասել է, որ ծրագրում է շատ ճամփորդել Կանադայում, քանի որ առաջին անգամ է այստեղ և ժամանել է կնոջ և երկու` 11-ամյա և 8-ամյա որդիների հետ: Նա հայտնել է, որ նաև հոկեյի մեծ երկրպագու է և պատրաստվում է աջակցել Ottawa Senators թիմին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.