Ստեղծում ենք օրենսդրական դաշտ, որը կկարգավորի նոր տրանսպորտային ցանցը. վարչապետ

Այսօր գործադիրը հավանություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին: Տրանսպորտ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ստեղծում են օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որը ուզում են առաջարկել: «Տրանսպորտային ցանցը մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի այնպես չլինի, որ բնակավայրերը դուրս մնան քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ շահավետ և ոչ շահավետ խմբերը համախմբում ենք, որ բիզնեսի համար դառնա շահավետ»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ նախատեսում են տրամաբանական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքել, որ ներդնողը համոզված լինի, որ երկարատև աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի և այլն: «Հիմա այս օրենսդրական կարգավորումները կատարեցինք, ե՞րբ ենք այդ ցանցը ստեղծում, խաղի կանոնները ձևավորում և մրցույթները հայտարարում՝ հաշվի առնելով այն, որ ունենք ժամկետները չլրացած պայմանագրեր»,-հարցրեց վարչապետը: Նախարարը պատասխանեց, որ կա մի մարզ, որտեղ պիլոտային ծրագիր են ուզում անել և մրցույթը կհայտարարեն, մրցութային պայմանները արդեն պատրաստել են: Նա նշեց, որ պիլոտային ծրագիրը կուսումնասիրվի, կտեսնեն դրական և բացասական կողմերը: Վարչապետը հարցրեց, թե հետո այդ պիլոտայինը չի՞ խանգարելու հետագայում այդ մեծ ցանցին, և արդյո՞ք միջմարզայինը դրա մեջ մտնում է, թե ոչ: «Կարո՞ղ ենք մենք այդ պիլոտայինը անենք, հետո ընդհանուր այդ քարտեզի մեջ չմտնի, քննարկե՞լ եք դա»,-ասաց նա և ստացավ դրական պատասխան: Կարեն Կարապետյանը նախատեսվող ժամկետներով ևս հետաքրքրվեց, և Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մոտակա երկու-երեք ամսում կիրականացվի պիլոտայինը, իսկ ցանցը՝ ավելի խորը ուսումնասիրելուց հետո: Նա ասաց, որ ժամկետներ դժվարանում է նշել, բայց երևի մեկ տարվա մեջ: «Չէ: Առաջին կվարտալի վերջ պիլոտայինի արդյունքների հիման վրա մենք ցանցը նայում ենք: Այդտեղ բարդ բան չկա: Իր տրամաբանությունն ենք նայում, գործող պայմանագրերը, ժամկետներն ենք նայում և հայտարարում ենք, թե ինչ ցանց, ինչ ներդրող ենք ակնկալելու, ֆիքսենք»,-ասաց նա: Այսպիսով` միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն կիրականացվեն մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով: Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկման ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում: Նշվում է, որ հաշվի առնելով, որ միասնական երթուղային ցանցի ձևավորումը նպատակահարմար է վերապահել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, ուստի միջմարզային երթուղային ցանցի հետ միաժամանակ ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը նույնպես պետք է իրականացնի լիազոր մարմինը` համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ, մրցութային հանձնաժողովում ներգրավելով տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին: Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը վերապահվել է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, որի արդյունքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը առավել փոխհամաձայնեցված և վերահսկելի կդառնան: Ըստ նախագծի՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում առկա են բազմաթիվ համայնքներ, որոնց տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմինների, միջմարզային երթուղիների դեպքում` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից, իսկ ներմարզային երթուղիների դեպքում` մարզպետարանների կողմից բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պատճառով:  Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը տարբեր կառավարման մարմինների կողմից հնարավորություն չի ընձեռում ձևավորելու փոխհամաձայնեցված միասնական երթուղային ցանց: Համայնքների խոշորացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հնարավոր չէ ձևավորել ներհամայնքային երթուղիներ, քանի որ գործող օրենսդրությամբ «ներհամայնքային փոխադրում» հասկացություն սահմանված չէ, ինչպես նաև չկան ներհամայնքային փոխադրման կազմակերպման մեխանիզմները: Հաշվի առնելով համայնքների խոշորացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջները, «ներքաղաքային փոխադրումներ» հասկացությունը փոխարինվել է «ներհամայնքային փոխադրումներ» հասկացությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.