
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը խստացնում է պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներկրման վերահսկողությունը, մասնավորապես՝ Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից արգելված արտադրանքի մատակարարումների հաճախակիացած փորձերի առնչությամբ: Այդ մասին հայտնում է
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչությանը:
«Ռոսսելխոզնադզորը» մի շարք պետությունների տարածք ստացվող բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալների համեմատական վերլուծություն է իրականացնում: Վերջին շրջանում դիտվում է ՌԴ-ում ներկրման համար արգելված արտադրանքի՝ մասնավորապես լոլիկի Հայաստան, Ադրբեջան և Բելառուս ներկրման կտրուկ աճ, նշում է գործակալությունը: Այնտեղից արգելված արտադրանքը հետագայում փորձում են ներմուծել Ռուսաստան՝ ներկայացնելով որպես այդ պետություններում արտադրված ապրանքներ:
Ռուսաստանի Դաշնության տարածք բուսական ծագման արգելված արտադրանքի ներկրումը բացառելու նպատակով «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է տվյալ երկրների լիազոր մարմիններին լոլիկների փաթեթների վրա պիտակներում արտադրողի անվան և նրա հստակ հասցեն պարունակող նշագրման անհրաժեշտության մասին: Նշվում է, որ ՌԴ տարածք ներմուծվող և այդ տեղեկությունը չպարունակող լոլիկների խմբաքանակները պահվելու են մինչև արտադրության վայրը պարզելը:
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները վերաարտահանման միջոցով շարունակում են անօրինական կերպով հայտնվել Ռուսաստանում։