Հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը. վարչապետ

Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, Երևանում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ: Արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: «Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվը ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների շուրջ 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները ՝առանց Երևանի, 51.2 տոկոսով»,-ասաց նա։ Կարեն Կարապետյանը նշեց, որ չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների։ Հաշվի առնելով դա՝ նա հանձնարարեց հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների: Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց նաև ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: «Պարո՛ն Լոքյան, այն ծրագրերը և ժամանակացույցը, որը կազմել ենք, հետևողական պետք է գնանք»,-հավելեց վարչապետը:

Մեկնաբանություններ