ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի խիստ սահմանափակ և անատամ տարբերակն է. Կարո Եղնուկյանը՝ Պյոտր Սվիտալսկիին

Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (CEPA), որը ԵՄ-ն մտադիր է նոյեմբերին ստորագրել Հայաստանի հետ, խիստ սահմանափակ և անատամ տարբերակն է Եվրամիության Ասոցացման համաձայնագրի (EUAA), որը նախատեսված էր ստորագրել 2013 թվականին։ Բարեբախտաբար, CEPA-ն, անկասկած, դեռևս կրում է EUAA քաղաքական դիրքորոշման հիմնական մասը։ Այս մասին գրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, 2016 թվականի հուլիսի 20-ից անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ուղղված իր նամակում, որում շեշտել է, որ որպես Հայաստանի արևմտյան կողմնորոշման և ապագայում ԵՄ ընտանիքին միանալու քարոզիչ՝ նա «ցանկանում է դեսպանի ուշադրությունը հրավիրել քաղբանտարկյալների հիմնարար հարցի վրա, քանի որ ԵՄ-ն, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջատար, չպետք է համաձայնագրի կողմ դառնա մի ռեժիմի հետ, որն ունի քաղբանտարկյալներ»: Նա հավելել է, որ նամակի նպատակն այն է, որ պաշտոնապես հստակեցվի դեսպանի դիրքորոշումը և առավել ևս պարզ դառնա, թե որոնք են ԵՄ-ի այն արդարացուցիչ հիմնավորումները, որ թույլ են տալիս նման համաձայնագիր կնքել։ Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-219-րդ հոդվածների 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: «Ինձ մեծապես վրդովել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ձեր խոսքը, որն ասացիք  2017թ.-ի սեպտեմբերի14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Դուք պատասխանեցիք՝ ասելով, որ Դուք և առավել ևս Եվրամիությունը տեղյակ եք Human Rights (Մարդու իրավունքների) կազմակերպությունների և ՀԿ-ների պահանջներից, որոնք վերաբերում են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը, և որ Դուք քննարկել եք այդ հարցը Հայաստանի իշխանությունների հետ, չնայած որ Եվրամիությունը միշտ չէ, որ կիսում է HR կազմակերպությունների և ՀԿ-ների կարծիքը և հիմնականում հիմնվում է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների վրա։ Դուք նաև հավելել եք, թե «ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ-ը որոշում չի կայացրել, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ կա»»,-նամակում գրել է Եղնուկյանը և նշել, որ այդ հայտարարությունից երկու հարց է ծագում. 1. ՄԻԵԴ-ը արդյո՞ք լիազորություն ունի որոշելու, թե ով է քաղբանտարկյալը: 2. Արդյո՞ք ՄԻԵԴ-ը երբևէ նման որոշում կայացրել է իր 58-ամյա պատմության ընթացքում: «Այս երկու հարցերի պատասխանը միանշանակ ոչ-ն է»,-գրել է Եղնուկյանը և հավելել, որ միակ ուղեցույցը, որով ԵՄ-ն կարող է որոշել այդ պահանջների ճշմարտացիությունը և դատողություն անել, ԵԽԽՎ-ի կողմից սահմանված չափորոշիչներն են, որոնց հիման վրա ԵՄ-ն կարող է քաղաքական բանտարկյալների գոյության մասին քաղաքական որոշում կայացնել: «Ես և մյուս քաղբանտարկյալները, ինչպես նաև բազմաթիվ HR կազմակերպությունների և այլ ՀԿ-ների հետ միասին հայտարարել և հիմնավորել ենք Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը: ԵՄ-ի և այս ռեժիմի միջև համագործակցության ցանկացած ձև պետք է իրականացվի  առնվազն մեկ նախապայմանով, այն է՝ բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմամբ»,-եզրափակել է Եղնուկյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.