Ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացված համայնքներում. վարչապետ

Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ։ Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորման ուղղությամբ»,-ասաց նա: Վարչապետը կարևորեց համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց տասնօրյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների նույն հարթակում կազմակերպելու նպատակով ներկայացնել առաջարկներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ և ամսական պարբերականությամբ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարությանը։ «Այստեղ ունենալու ենք ֆինանսական միջոցների օպտիմալացում, և տնտեսվող միջոցներն ուղղվելու են տեխնիկական վերազինմանը»,-հավելեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.